
ԱրմԻնֆո. Այսօր հայկական պետությունն իր վերափոխման փուլն է ապրում։ Այս մասին նոյեմբերի 21-ին Digitec 2026 ցուցահանդեսի շրջանակում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի հետ «Հայաստանի հնարավորությունները արհեստական բանականության ոլորտում․ տեսլականից գործողություն» թեմայով պանելային քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դեռ 8 ամիս առաջ հանրապետությունը էլեկտրաէներգիայի ավելցուկային ծավալներ ունեցող պետություն էր, սակայն այսօր արդեն տվյալների կենտրոնների զարգացման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ։ Փաշինյանը նաև մատնանշել է արհեստական բանականության զարգացմանն առնչվող՝ հանրությանը մտահոգող հարցերը, ինչը կարող է հանգեցնել աշխատաշուկայի կրճատման։ Սակայն, մյուս կողմից, ինչպես նկատել է վարչապետը, կա այն կարծիքը, որ արհեստական բանականության ոլորտի զարգացումը կարող է հանգեցնել բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչը շատ կարևոր է։ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ քննարկվում են հանրությանը և երկրի իշխանություններին մտահոգող հարցերը։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ նոր մարտահրավերների ի հայտ գալուն զուգահեռ առաջանում են նաև նոր հնարավորություններ։ Մեծապես դա կարող է կախված լինել տվյալ ոլորտում մշակումներից և քաղաքականությունների կիրառումից։
Ներդրողներին Հայաստան հրավիրելով՝ վարչապետը նկատել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են այնպես անել, որպեսզի հայկական պետությունը տեսանելի լինի աշխարհի քարտեզի վրա։ Այսօր շատերն արդեն Հայաստանը ճանաչում են որպես արհեստական բանականության զարգացման կարևոր վայր։ Հիշեցնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը՝ Փաշինյանն ընդգծել է, որ արհեստական բանականության ներդրմամբ երկիրը զարգացման նոր փուլ է մտնում։
Հայաստանի կառավարության ղեկավարը նկատել է, որ գործնականում բոլոր ոլորտներում արհեստական բանականության կիրառման հսկայական հնարավորություններ կան։ «Սակայն պետք է հասկանալ նաև մեր դիրքորոշումը, մեր քաղաքականությունը․ չի կարելի մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ։ Մեր նպատակն այն է, որ արհեստական բանականությունն օգտագործելով՝ մեր քաղաքացիների աշխատանքն էլ ավելի արդյունավետ դառնա։ Առաջին հերթին խոսքը պետական ծառայողների մասին է», - նշել է ՀՀ վարչապետը՝ մատնանշելով նաև Հայաստանի գիտական ներուժի զարգացման կարևորությունը։ Առանց ուժեղ արդյունաբերության, ընդգծել է վարչապետը, անհնար է ունենալ ուժեղ գիտություն, և հակառակը։
Փաշինյանը նաև նշել է, որ արևային էներգետիկայի բուռն զարգացումը հանգեցրել է երկրի էներգետիկ անկախությանը, որը դեռ 10 տարի առաջ մեծապես կախված էր էներգառեսուրսներից։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը զուգահեռ այսօր խնդիր է դրվել կառուցել նաև կուտակիչ կայաններ, առանց որոնց արևային էլեկտրակայանների արդյունավետությունը կրկնակի նվազում է։