
ԱրմԻնֆո. Հայաստանի կառավարությունը 490,5 մլն դրամ կհատկացնի Երևանում ջրահեռացման համակարգի բարելավման համար։ Որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին կառավարության նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում խնդիրներ կան կոյուղու համակարգերի հետ կապված։ Մի շարք հասցեներում անձրևներից հետո ջրի մեծ կուտակումներ են առաջանում, որոնք վնասում են ասֆալտբետոնե ծածկույթը, դժվարացնում տրանսպորտի երթևեկությունը և վթարային իրավիճակներ ստեղծում։ Որոշ շրջաններում կոյուղու համակարգը բացակայում է կամ գտնվում է վատ վիճակում, խողովակները մասամբ վնասված են։ Արդյունքում՝ խցանումներ են առաջանում ամիսը մի քանի անգամ, կեղտաջրերը հեղեղում են փողոցները, բակերն ու հարակից տարածքները՝ ստեղծելով հակասանիտարական իրավիճակ և բարձրացնելով վարակների տարածման վտանգը։
Միևնույն ժամանակ, անձրևաջրերի համակարգերի բացակայության կամ անբավարար թողունակության պատճառով մթնոլորտային տեղումները պատշաճ կերպով չեն հեռացվում, ինչը հանգեցնում է հեղեղումների, ճանապարհների և ենթակառուցվածքների վնասման։ Ներկայիս իրավիճակը բացասաբար է անդրադառնում քաղաքացիների կյանքի մակարդակի, շրջակա միջավայրի և քաղաքային ենթակառուցվածքների գործունեության վրա։
Վերոգրյալին համապատասխան՝ 2026 թվականին նախատեսվում է Երևանի որոշ վարչական շրջաններում մի շարք կոյուղու համակարգերի կապիտալ վերանորոգում իրականացնել։ Նախատեսվում է նաև կառուցել 2 կոյուղու և 2 անձրևաջրերի համակարգ՝ 1,076 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Ծրագրի առաջին փուլի մասնակի ֆինանսավորումն արդեն իրականացվել է։ Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացման ընթացքում նախատեսված աշխատանքների ծավալը վերանայվել է։ Մասնավորապես, Այգեստանի 11 և 127 հասցեներում կոյուղու գծի վերակառուցումը ենթադրում էր Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկայի փողոց հատվածում երթևեկության 15-օրյա դադարեցում, սակայն, հաշվի առնելով, որ նշված հատվածում երթևեկության դադարեցումը կարող է խցանումներ առաջացնել հարակից փողոցներում և խաթարել տրանսպորտային հոսքերի անընդհատությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ սեպտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, երթևեկության ինտենսիվությունն ավելի բարձր է, նշված աշխատանքների իրականացումն այդ ժամանակահատվածում աննպատակահարմար է համարվել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ վերը նշված հասցեում կոյուղու համակարգի վերակառուցումը հանվել է ծրագրով նախատեսված աշխատանքների ցանկից։
Արդյունքում, ծրագրի ամբողջական իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցները կազմում են 490,5 մլն դրամ, որոնք հատկացվել են կառավարության այսօրվա որոշմամբ։