


Արմինֆո.Թուրքիան և Ադրբեջանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով համատեղ զորավարժություններին և պաշտպանական արդյունաբերությանը: Ըստ TRT Haber-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը, բացի երկկողմ ռազմական համագործակցությունից, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ շրջանակներում հատուկ ներդրում ունեն խաղաղության պահպանման, ճգնաժամերի կանխարգելման և կայունության ամրապնդման գործում:
"Մենք ամրապնդում ենք ռազմական համագործակցությունը մեր մերձավոր եղբայր Ադրբեջանի հետ՝ փոխվստահության հիման վրա, առաջին հերթին՝ համատեղ պատրաստության և զորավարժությունների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում", - ասել է Գյուլերը:
Նա նաև պատմել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: "Մենք համոզված ենք, որ կայուն խաղաղության հաստատումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, տրանսպորտային և առևտրային կապերի, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացմանը", - հայտարարել է Գյուլերը:


