
ԱրմԻնֆո. Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խցից, որը պահվում է «Երևան-Կենտրոն» բանտում, որն էլ ժողովրդի շրջանում անվանում են «ԿԳԲ-ի նկուղներ»։
Քաղաքական ուժում հիշեցրել են, որ Թևանյանի պահման պայմանները բանտում հեռու են նորմալ լինելուց։ «Նոյեմբերի 16-ին նրա խուց է տեղափոխվել հոգեկան հիվանդությունների հաստատված ախտորոշմամբ կալանավոր, որը հոգեբուժարանում վերջնական բուժում չի անցել, տառապում է էպիլեպսիայով, ունեցել է առողջական այլ լուրջ խնդիրներ, բազմաթիվ անգամներ ինքնասպանության և ինքնավնասման փորձեր է կատարել, ինչպես նաև դատապարտվել է գողության համար»,- հայտնել են «Մայր Հայաստան»-ում՝ նշելով, որ նման որոշումը տվյալ երիտասարդի իրավունքների կոպիտ խախտում է։
Քաղաքական ուժում նաև հայտնել են, որ իրավիճակին օպերատիվ արձագանքել են «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Սևակ Խաչատրյանը։ «Ընդդիմադիր պատգամավորների, ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության միջամտության արդյունքում (գերատեսչության առջև բողոքի ակցիայից հետո) և «Կենտրոն» Երևանի քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ փոխըմբռնման հասնելու արդյունքում երեկ երեկոյան հարցը լուծվեց. առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվեց Թևանյանի խցից։ Քաղաքական բանտարկյալների և կալանավորվածների հարցը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասվում է հայտարարության մեջ։
«Ի դեպ, Շաքիում հայ կնոջ և նրա երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողը նույնպես գտնվում է «Կենտրոն» Երևանի քրեակատարողական հիմնարկում։ Նրա պահման պայմաններն անհամեմատ ավելի լավն են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավը, քան Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինը, ինչը պարզապես ամոթալի է։ Սա բոլորիս արժանապատվության հարցն է։ Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին և կալանավայրերում ապօրինի պահվողներին»,- հայտարարել են «Մայր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից։