
ԱրմԻնֆո. Երեւանում իր աշխատանքն է սկսել Ճշմարտության եւ արդարության կենտրոնի (CFTJ) հինգերորդ ամենամյա համաժողովը՝ "Ձայներ՝ ընդդեմ մոռացության. զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում" խորագրով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են CFTJ-ից, համաժողովը մեկ հարթակում միավորել է 17 երկրների ներկայացուցիչների․ զանգվածային ոճրագործություններ վերապրած մարդկանց, տուժողների ներկայացուցիչների, իրավաբանների, հոգեբանների, պետական քաղաքականություն մշակողների, գիտնականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Համաաժողովի հիմքում ընկած է մի պարզ սկզբունք. զոհերը չպետք է մնան արդարադատության շուրջ քննարկումների լուսանցքում։
Ինչպես պատմել են Կենտրոնում, երկու օրվա ընթացքում մասնակիցները՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Նիգերիայից, Քենիայից, Մյանմայից, Իրաքյան Քրդստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Պաղեստինից, Իսրայելից, Ուկրաինայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից եւ Արգենտինայից, կքննարկեն երկու հիմնական թեմա․ "Բախվելով բռնության. Կյանքը՝ դրա հետեւանքներով" եւ "Արդարադատությունը, դրա սահմանափակումներն ու ժամանակակից իրողությունները": Համաժողովի ավարտին նախատեսվում է արդարության հասնելու և հարատև խաղաղության հաստատման գործընթացում զոհերի ձայնը լսելի դարձնելու գործում նշանակալի ավանդ ներդրած գործիչների պարգևատրման արարողություն:
Ի լրումն համաժողովի հիմնական թեմայի՝ դրա աշխատանքին զուգընթաց անցկացվում է "Վավերագրելով ճշմարտությունը, պահպանելով հիշողությունը" թվային ցուցահանդեսը: "Վեց էկրաններին ներկայացված են զոհերի եւ այն մարդկանց վկայությունները, որոնք վերապրել են զանգվածային հանցագործություններ, փաստագրված նյութեր զանգվածային վայրագությունների մասին, վավերագրական տեսագրություններ եւ տեսողական նյութեր, որոնք հավաքել են Ճշմարտության եւ արդարության կենտրոնի մասնագետները", - պատմել են CFTJ-ում:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև Գուրգեն Պետրոսյանի "Իրավունք առանց պատրանքների. Հայաստանի անցյալը, բաց թողնված հնարավորությունները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները" գիրքը: Գրքում քննարկվում է այն հարցը, թե ինչպես Հայաստանը կարող է միջազգային իրավունքը վերածել իր արտաքին քաղաքականության արդյունավետ գործիքի։
Աղբյուրի համաձայն, համաժողովը կազմակերպել է CFTJ-ը՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համագործակցությամբ: Կենտրոնը ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2020 թվականի նոյեմբերին ՝ Արցախյան պատերազմից հետո: CFTJ-ը միավորում է իրավաբանների, ովքեր համակարգում են վկայությունների հավաքումն անմիջապես պատերազմը վերապրած մարդկանցից՝ խորացված հարցազրույցների ձայնագրման միջոցով: