
ԱրմԻնֆո. Հայկական ֆուտբոլի մի շարք երկրպագուական շարժումներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրել են Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը:
«Մենք՝ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումների ներկայացուցիչներս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջարկում ենք Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։ Հայկական ֆուտբոլը կանգնած է վճռորոշ հանգրվանի առաջ։ Առջևում ՀՖՖ նախագահի ընտրություններն են, որոնք կարող են դառնալ երկու տարի առաջ մեկնարկած պայքարի հանգուցալուծումը և շրջադարձային պահ՝ հայկական ֆուտբոլի ապագայի համար։ Սա պարզապես հերթական ընտրություն չէ․ սա հնարավորություն է վերջ դնելու տարիներով կուտակված խնդիրներին և բացելու հայկական ֆուտբոլի զարգացման նոր էջ։ Մեր պահանջը հստակ է՝ ֆուտբոլային ֆեդերացիա, որն ապրում է ֆուտբոլով և աշխատում ֆուտբոլի համար։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ղեկավարի ֆուտբոլային ճանապարհ անցած, հայկական ֆուտբոլի խնդիրներին ներսից ծանոթ, ֆուտբոլով ապրող և այն զարգացնելու հստակ նպատակներ ունեցող մարդ։ Գևորգ Ղազարյանը երկար տարիներ պատվով ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, հանդես եկել հայկական և եվրոպական ակումբներում ու անցել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։ Մեզ համար կարևոր է, որ ֆեդերացիայի ղեկավարը ճանաչի հայկական ֆուտբոլի իրականությունը, անմիջական կապ և շփում ունենա ֆուտբոլային հանրության հետ: Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս նաև Գևորգի բարձր հեղինակությանը ֆուտբոլային աշխարհում և հանրության շրջանում։ Տարիների ընթացքում վաստակած հարգանքն ու երկրպագուների սերը կարևոր արժեքներ են, որոնք կարող են ամուր հիմք դառնալ վստահության, անկախության և բացառապես ֆուտբոլի շահերից բխող որոշումների կայացման համար։ Սակայն մեր նախաձեռնությունը միայն մեկ անձի թեկնածության առաջադրում չէ։ Սա հայկական ֆուտբոլի շուրջ ուժերի համախմբման և միասնական պատասխանատվություն ստանձնելու նախաձեռնություն է։ Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբելու ենք ազգային հավաքականի տարբեր սերունդների ֆուտբոլիստներն, մարզիչներին, ինչպես նաև ֆուտբոլի կառավարման, իրավաբանության, սպորտային մենեջմենթի և հարակից ոլորտների փորձառու մասնագետներին։ Ձևավորում ենք ուժեղ մասնագիտական թիմ, որը պատրաստ է ստանձնել հայկական ֆուտբոլի զարգացման պատասխանատվությունը՝ աշխատելով սրտացավությամբ, հետևողականությամբ և ֆուտբոլային մտածողությամբ։ Առաջիկայում կներկայացվեն թիմի անդամները և հայկական ֆուտբոլի զարգացման ծրագիրը», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են FAF-ը, RED EAGLES-ը, ALFA FUN CLUB-ը, SECTOR 18-ը, BLACK PANTHERS-ը, SOUTH WEST ULTRAS-ը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից հետո պաշտոնանկ էր արվել թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Սակայն երկրպագուները սկսել էին պահանջել նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, դժգոհություն հայտնելով ոչ միայն տարբեր տարիքային խմբերի ֆուտբոլային թիմերի անբավարար արդյունքներից, այլև, ընդհանրապես, ՀՖՖ-ի գործունեությունից: Չնայած դրան՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը պահանջին պատասխանել էր հրաժարական տալուց հրաժարվելով: 2025 թվականի փետրվարին վերսկսվել էին երկրպագուների բողոքի ակցիաները՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Այդ կապակցությամբ մարտի 1-ին երեք օրով ձերբակալվել էին FAF-ի 9 անդամներ ՝ Փյունիկ-Արարատ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։ Նրանց մեղադրել են խուլիգանական գործողություններ կատարելու մեջ ։ Հավելենք, որ նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՖՖ կանոնադրության մեջ փոփոխություններ են կատարվել ՝ կապված երկրում ապրելու և լեզվի ցենզի հետ: Ինչպես նշում են ֆուտբոլի հետ կապված շրջանակները, դա արվել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբոր՝ Դենիս Ջորկաեֆի համար նախագահության ճանապարհ հարթելու նպատակով ։