


Արմինֆո. Երևան-Աշտարակ ճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, երկու երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք: Մեկ երեխան դուրս է գրվել, մյուսի առողջական վիճակը միջին ծանրության է, վիրահատվել է և ապաքինման փուլում է: Երկու երեխաների առողջական վիճակը դեռևս շարունակում է ծանր մնալ: Նրանք մեր բժիշկների ուշադրության կենտրոնում են:
Ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին և շնորհակալությունս մեր բժիշկներին` նվիրված աշխատանքի, հոգատարության և յուրաքանչյուր կյանք փրկելու գործում ներդրած ջանքերի համար։
Սիրելի´ քաղաքացիներ, էլի ու էլի խնդրում եմ` պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանե՛ք կյանքը, եղե՛ք զգոն, համբերատար և պատասխանատու», - գրել է առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևան - Գյումրի ավտոճանապարհին բախվել էին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» բեռնատարը: Ամուսնական զույգը տեղում մահացել էր, իսկ նրանց հինգ անչափահաս երեխաները հոսպիտալացվել էին, ընդ որում, երեքը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Հոկտեմբերի 25-ին հայտնի էր դարձել, որ բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխաներից մեկի կյանքը։ Ընտանիքն ապրում էր Եղվարդում, եւ ողբերգական դեպքի օրը նրանք վերադառնում էին Գյումրիից։


