


Արմինֆո. Ընթացիկ տարվա օգոստոսին և օդի ջերմաստիճանը, և ջերմաստիճանային ֆոնը Հայաստանում լինելու է կլիմայական նորմայի սահմաններում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ողջ ամսվա ընթացքում ոչ անոմալ շոգ է սպասվում, ոչ էլ՝ անսպասելի ցուրտ: Սուրենյանը նշել է, որ երկրի բնակիչներին սպասվում է հավասարակշռված օգոստոս, որը բնորոշ է տարածաշրջանի կլիմայական պայմաններին:
Նշենք, որ ըստ կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 1-5-ը Արարատյան հարթավայրում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օգոստոսի 1-2-ը, 5-ի երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 1-5-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 1-5 - ը սպասվում է քամու ուժգնացում մինչև 14-17 մ/վ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-ի ցերեկը կկազմի 34-36, երեկոյան' 29-31, օգոստոսի 1-2-ի գիշերը' 21-23 աստիճան:



