


Արմինֆո. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության Հարավային Կովկասի համար ոստիկանության կցորդ Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերին ցուցաբերած աջակցության համար։ Պարգևը հանձնել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, փոխնախարարը բարձր է գնահատել Օլիվյե Լեֆեբվրի ներդրումը երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման գործում՝ ընդգծելով նրա հետևողական աջակցությունն ու արդյունավետ փոխգործակցությունը համատեղ նախաձեռնությունների իրականացման ճանապարհին։
Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատանքները։



