
Արմինֆո. Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հետ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են այս ուղղությամբ առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ երկկողմ աշխատանքների շարունակումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն տրամադրված ֆինանսական միջոցների կարևորությանը։ Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան շփումների անհրաժեշտությունն առկա օրակարգերի առաջմղման համատեքստում։
Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացմանը, մասնավորապես «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրագործմանը վերաբերող հարցերին: Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը:
Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի և ԵՄ միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 45,2 տոկոսով ՝ կազմելով 1,058 մլրդ դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 97,3 տոկոսով՝ մինչև 355,7 մլն դոլար՝ ներմուծման 28 տոկոս, մինչև 702,9 մլն դոլար աճի ֆոնին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիազոր մարմինները՝ "Ռոսպոտրեբնադզորը" և "Ռոսսելխոզնադզորը", սահմանափակումներ են կիրառում Հայաստանից ԵԱՏՄ երկրների շուկաներ գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների արտահանման նկատմամբ: Պատճառը, ինչպես ասվում էր գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններում, հայտնաբերված խախտումներն են։
Ընդ որում, թարմ գյուղմթերքի շուրջ 90 տոկոսը Հայաստանն ավանդաբար արտահանել է ռուսական շուկա։ Հայաստանի արտադրողների համար ստեղծված իրավիճակի և դժվարությունների պատճառով երկրի կառավարությունը մշակել է դեպի եվրոպական շուկաներ արտահանմանն աջակցության մի քանի ծրագրեր՝ ներառյալ տրանսպորտային ծախսերի և մաքսատուրքերի փոխհատուցումը: Բացի այդ, կես տարվա ընթացքում ֆերմերներն ազատված են վարկային պարտավորություններից՝ իրացման նոր շուկաներ գտնելու նպատակով։