
Արմինֆո. Քաղաքագետ Կարեն Իգիթյանը պատահական չի համարում Արսեն Ամիրյանի անվան փողոցը Պապ թագավորի փողոց վերանվանելը:
Facebook-ի իր էջում փորձագետը համոզմունք է հայտնել, որ այդպիսով Հայաստանի իշխանությունները հերթական զիջումներն են արել Ադրբեջանին։ "Ինչու՞ հանեցին Ամիրյանի ազգանունը։ Ամեն ինչ պարզ է: Նա դուր չի գալիս ալիևյան ռեժիմին, հետևաբար՝ նաև փաշինյանական ռեժիմին։ Ալիևյան ռեժիմը հորինել է 1918 թվականի "Բաքվի ցեղասպանությունը", իսկ մեղավոր է հայտարարել Բաքվի կոմունայի հայ ղեկավարներին, այդ թվում՝ Ամիրյանին։ Ամեն ինչից զատ, ադրբեջանական քարոզչամեքենան մնացածից առանձին թշնամի է հռչակել նաև հեծելազորային ջոկատի հրամանատար Թադևոս Ամիրովին, ով Արսեն Ամիրյանի եղբայրն է", - ուշադրություն է հրավիրել քաղաքագետը։
Այսպիսով, Իգիթյանի կարծիքով, այդ "պարզ անվանափոխությունը" երկու ենթատեքստ ունի․ հեռացնել Ամիրյանին՝ որպես Բաքվի հայերի խորհրդանիշ, և նրանց դերը Բաքվի կոմունայում, ինչպես նաև որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար նյարդայնացնող գործոն: "Բացի այդ, Ամիրյան փողոցի անվանափոխությունը (Պապ թագավորի անվան փողոց – խմբ․) խորհրդանշում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարը, ինչը նույնպես հասկանալի է Հայաստանի ժամանակակից և քաղաքական համատեքստում", - եզրափակել է Իգիթյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին հունիսի 23-ի նիստում ձայների մեծամասնությամբ որոշում էր կայացրել Արսեն Ամիրյանի անվան փողոցը վերանվանել Պապ թագավորի անվան փողոց: Նիստի ընթացքում "Մայր Հայաստան" խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն ընդգծել է, որ չի առարկում Երևանում Պապ թագավորի անվան փողոց հայտնվելու դեմ, սակայն, այս դեպքում, ըստ նրա, տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր նպատակը հենց "Ամիրյան" անվանումից հրաժարվելն է: Ի պատասխան ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ, Արսեն Ամիրյանի ժառանգների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, չի կարծում, թե այդ մարդը մարմնավորում է այն արժեքները, որոնց անունով պետք է կոչվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկը, որը հարում է Հանրապետության հրապարակին:
Նշենք, որ Արսեն Ամիրյանը բոլշևիկ հեղափոխական էր, լրագրող և Բաքվի 26 կոմիսարներից մեկը: Նա ծնվել է Բաքվում՝ 1881 թվականին, հայ ընտանիքում։ Սովորել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, մասնակցել հեղափոխական շարժմանը, զբաղվել հրապարակախոսությամբ, եղել է բոլշևիկյան "Բաքվի բանվոր" թերթի խմբագիրը։ 1918 թվականի իրադարձությունների ժամանակ եղել է Բաքվի կոմունայի ղեկավարության կազմում։ Կոմունայի անկումից հետո ձերբակալվել է և 1918 թվականի սեպտեմբերին գնդակահարվել՝ Բաքվի մյուս կոմիսարների հետ։