
Արմինֆո.Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի "Նոր ուժ" կուսակցությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Ինչպես դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է ԲՀԿ-ն ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը, այն, ինչ տեղի ունեցավ կուսակցության հետ երեք տեղամասերի ձայների չեղարկումից հետո, առաջին անգամ է տեղի ունենում: "Ակնկալում ենք որոշում, որ կուսակցությունը հավաքել է ձայների անհրաժեշտ 4 տոկոսը և, նույնիսկ, ավելին ։ Մեր դիմումով պահանջել ենք անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Արդյունքները անվավեր ճանաչելու դեպքում պահանջում ենք կրկնակի քվեարկություն անցկացնել Հայաստանի ողջ տարածքում ՝ պահպանելով իրավունքի գերակայության սկզբունքը", - նշել է փաստաբանը։
Որպես այդ որոշման այլընտրանք, Օրբելյանի խոսքով, իրենք ակնկալում են մանդատների բաշխման այլ կարգի ընդունում, որով ԲՀԿ-ն կանցնի խորհրդարան: Փաստաբանը վստահեցրել է, որ իրենց նպատակը ոչ թե խորհրդարան անցնելն է, այլ արդարությունը վերականգնելը։ "Երբ տեղի են ունենում խախտումներ, որոնք խոչընդոտում են ժողովրդի կամքի կատարմանը, իսկ մենք խոսում ենք հենց այդ դեպքի մասին, ճիշտ որոշում կլինի կրկնակի քվեարկություն անցկացնել։ Բայց մենք խոսում ենք ոչ թե մեխանիկական գործողության, այլ իրավունքի գերակայության և համապատասխան սկզբունքների ապահովման մասին։ Ուստի դատարանից ակնկալում ենք ոչ միայն ինչ-որ որոշման ընդունում, այլև՝ խախտումների արձանագրում։ Միայն դա մեզ թույլ կտա ապագայում թույլ չտալ նման իրավիճակներ։ Իհարկե, մենք ոչ մի բանում վստահ չենք։ Բայց մենք պետք է հնարավոր ամեն բան անենք", - ընդգծել է փաստաբանը։
"Հայաստան" դաշինքը ներկայացնող փաստաբան Հովհաննես Խուդոյանն, իր հերթին, նշել է, որ իրենց դիմումով ներկայացրել են հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ ընտրություններն արդար և թափանցիկ չեն եղել, ինչի առնչությամբ պահանջում են անվավեր ճանաչել դրանց արդյունքները: "Որևէ այլ պահանջ մենք չենք ներկայացրել, քանի որ կարծում ենք, որ մեր դիմումում նշված խախտումներն այնքան ծավալուն և համակարգային են եղել, որ որևէ այլ լուծում չեն ենթադրում։ Դրանում մենք ուշադրություն ենք հրավիրել իրավապահ մարմինների կողմից քարոզչության դեպքերի վրա, որոնք ազդեցություն են ունեցել ընտրությունների ողջ գործընթացի վրա։ Օրինակ, նրանք հրապարակում էին հայտարարություններ, որոնք պարունակում էին քաղաքական ուժերի անուններ, և հրապարակում էին գաղտնալսման դրվագներ, որոնք իրավական նշանակություն չէին ներկայացնում ։ Բացի այդ, մատնանշել ենք "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ֆինանսական հաշվետվողականության խնդիրները, ինչպես նաև պետական բյուջեի հաշվին մի շարք միջոցառումների իրականացումը: Եվ, մենք նշել ենք ընտրողների թվի և ընտրատեղամասերում նրանց թողած ստորագրությունների անհամապատասխանությունը", - պատմել է Խուդոյանը։
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին համապատասխան դիմում է ներկայացրել նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի "Նոր ուժ" կուսակցությունը: Քաղաքական ուժի անունից հայտարարություն է արել կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը, ով մատնանշել է ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում ձևավորվող իշխանության լեգիտիմությունը: Այսօր ավելի վաղ դիմումներ էին ներկայացրել նաև Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" դաշինքը և Արման Թաթոյանի "Միասնության թևեր" կուսակցությունը: Նրանք բոլորը Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները։