


Արմինֆո. 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Քպ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում,թե իբր նախկին իշխանությունները կամ հիմնական ընդդիմադիր ուժերը չեն բավարարվում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքով։ Սա բացահայտ սուտ է։ 1991-2018թթ.ՀՀ իշխանությունները երբեւէ տարածքային պահանջ որեւէ երկրի չեն ներկայացրել։
Արցախյան կարգավորման խնդիրն էլ ՀՀ նախկին իշխանությունների համար եղել է ոչ թե տարածքային խնդիր,այլ՝ ինքնորոշման իրավունքի իրացման հարց։
Իսկ ինքնորոշման իրավունքն էլ ՝ ՄԱԿ -ի նպատակներից է,իսկ սկզբուքն էլ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ ՀՀ միակ ղեկավարը,ով խախտել է այս քաղաքական սկզբուքը Փաշինյանն էր՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» թեզով։ Էլ չեմ խոսում ՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզի մասին։ Անթույլատրելի է նման թեզերի տիրաժավորումը։ Քիչ է մնում ասեն՝ Ադրբեջանի իշխանություններն ի՞նչ արել են Արցախում՝ ճիշտ է։ Պետությունների պատմությունը շարունակական է ու մի արեք բաներ,որի տակից նույնիսկ ապագա սերունդները չեն կարողանալու դուրս գալ», - գրել է Շարմազանովը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ քննադատել էր երկրի ընդդիմադիր ուժերին: Ավելին, Ադրբեջանի հետ հարաբերություններում իր զիջողական քաղաքականությունն արդարացնելու համար Փաշինյանը շտապել էր մեղքը բարդել առանցքային ընդդիմադիր ուժերի առաջնորդների վրա, վստահեցնելով, որ նրանք պատերազմ են ուզում, երբ խոսում են Արցախի մասին ։



