


Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, դեսպանը ներկայացրել է երկկողմ օրակարգը, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստան կատարած այցերի կարևորությունը, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Դեսպան Մկրտչյանը խոսել է նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անվտանգության մասին՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը։
Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։



