
Արմինֆո. ԵՄ և ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթեր ունեցող պաշտոնատար անձինք կկարողանան առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվել տարվա ընթացքում 180 օր։ Այս մասին որոշումն ընդունվել է հունիսի 11-ի կառավարության նիստում։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր (ՄԱԿ-ի անցագիր և ԵՄ անցագիր) ունեցողների համար գործում է վիզային ռեժիմ։ Նշված ճամփորդական փաստաթղթերը տրվում են ՄԱԿ-ի և ԵՄ կառույցներում պաշտոններ զբաղեցնող անձանց՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ճամփորդությունների նպատակով։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական անձնագրեր։ Այդպիսի ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստանի Հանրապետություն այցելելու համար ստանում են անվճար դիվանագիտական կամ ծառայողական մուտքի վիզաներ՝ կախված այցի նպատակից։ 2025 թվականի հուլիսի 1-ից աշխարհի 116 երկրների քաղաքացիների համար, ովքեր ունեն կացության թույլտվություն ԱՄՆ-ում, Եվրոպական միության երկրներում, Շենգենյան համաձայնագրի երկրներում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնի Թագավորությունում, Կատարի Պետությունում, Սաուդյան Արաբիայի Թագավորությունում, Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում, ՀՀ-ում գտնվելու ժամկետը կազմում է երկիր մուտք գործելու ամսաթվից առնվազն վեց ամիս: Նրանք ազատվում են ՀՀ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից։
Այս համատեքստում, երբ խոսքը վերաբերում է ամենահեղինակավոր և կարևոր միջազգային կազմակերպությանը, ինչպիսին է Միավորված ազգերի կազմակերպությունը, և տարածաշրջանի խոշորագույն քաղաքաղաքական-տնտեսական միությանը՝ Եվրոպական միությանը, վերջիններիս կողմից տրված պաշտոնական ճամփորդական փաստաթղթերը նույնպես առավել քան բավարար հիմք են նմանատիպ քաղաքականության կիրառման և առանց վիզայի ռեժիմի սահմանման համար։
Բացի այդ, 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում նախատեսված COP-17 համաժողովի նախաշեմին ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների Հայաստան այցելությունների հաճախականության աճ։ ՄԱԿ-ի Քարտուղարությունում և այլ մարմիններում պարբերաբար տարածվում են երկրների ցուցակներ, որոնցում նշված են երկրների երկու խմբեր՝ նրանք, որոնք չեղարկել են վիզային պահանջները ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթով մուտք գործելու համար, և նրանք, որոնք դա չեն արել։ ՄԱԿ-ի ճամփորդական փաստաթղթի օգտագործումը նախատեսված է «Միավորված ազգերի կազմակերպության արտոնությունների և անձեռնմխելիության մասին» կոնվենցիայով, որն ընդունվել է 1946 թվականին Նյու Յորքում։