
Արմինֆո. Հայաստանը ոչ մի պայման չի դնում իր թուրքական հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ սկզբունքային խնդիրներ չունի Թուրքիայի հետ, որն ինքն է փակել սահմանը՝ նախորդ դարի 90-ականների սկզբին։ Այդ մասին գերմանական "Berliner Zeitung" պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններ պետք է կատարվեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։
Կարապետյանը հիշեցրել է, որ երկար ժամանակ երկրների միջեւ գլխավոր վիճահարույց հարցն Արցախն էր, իսկ այժմ դա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: Կուսակցության առաջնորդն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ 40 պետություններ, այդ թվում ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: "Իսկ ինչու՞ մենք պետք է հրաժարվենք դրանից",- հարցրել է Կարապետյանը։
Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին՝ կուսակցության առաջնորդը հիշեցրել է կարմիր գծերի մասին, որոնք, նրա ասելով, սկզբունքային բնույթ են կրում։ Դա, Կարապետյանի խոսքով, ադրբեջանցիներով Հայաստանի բնակեցումն է ՝Բաքվի պահանջով, ինչի արդյունքում կփոխվի ժողովրդագրական հաշվեկշիռը, ինչը կհանգեցնի հայկական Հայաստանի վերացման։ "Երկրորդն Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներն են, և երկրի սահմանադրությունը փոխելու կամ, այլ կերպ ասած, պատերազմի հետևանքները, Արցախի և ազգային ինքնորոշման առանցքային տարրերի կորուստն օրինականացնելու պահանջներն են", - հավելել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդը:
Կարապետյանը, միաժամանակ, վստահ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում կիրականացնի Ադրբեջանի հանձնարարականները: Այսօր, նրա կարծիքով, գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը տապալել է բառացիորեն ամեն ինչ՝ ներառյալ անվտանգությունն ու տնտեսությունը։ "Փաշինյանը պառակտել է ժողովրդին։ Նա լիովին ավերել է տնտեսությունը։ Ութ տարվա ընթացքում նա ոչինչ չի արել։ Փաշինյանը միայն վարկեր է վերցնում և գումար ծախսում։ Այս ընթացքում Հայաստանում ոչ մի լուրջ ձեռնարկություն չի ստեղծվել։ Արդեն հինգ տարի մենք ապրում ենք լիակատար անորոշության մեջ։ Ամեն ինչ թելադրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ամեն օր սպասում ենք, թե նա ինչ կասի, եւ Բաքվի ինչ նոր պահանջներ պետք է կատարի իշխանությունը։ Սակայն ժողովուրդն ամեն ինչ հասկանում է, հատկապես՝ երիտասարդները: Երիտասարդությունը այլեւս չի ընդունում այն, ինչ կատարվում է, եւ, ես կարծում եմ, հենց դա որոշիչ գործոն կլինի խորհրդարանական ընտրություններում", - ամփոփել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսի 7--ին: Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք եւ 16 կուսակցություն: Ընտրելու իրավունք ունի 2 485 232 քաղաքացի: