
Արմինֆո. Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Եղեգիսում և Գոմքում, կառուցվել է 100-ից պակաս աշակերտի համար նախատեսված 2 դպրոց, որոնք իշխանությունները նախատեսում են փակել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հաղորդել է ընդդիմադիր, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, նկատելով, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում փակման ենթակա է 16 նման դպրոց: Մինչդեռ, Վայոց ձորում, ընդհանուր առմամբ, գործում է 54 ուսումնական հաստատություն։
Այսինքն, ինչպես նա նշել է, փակում են ոչ միայն 100-ից պակաս աշակերտի համար նախատեսված հին դպրոցները, այլև՝ նորակառույց դպրոցները: «Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ: Բայց միանգամայն տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության և ծրագրերի տրամաբանության մեջ", - ասել է Ղազարյանը։ Նա ենթադրել է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստան են տեղափոխվելու 300 հազար ադրբեջանցիներ, որոնք ապրելու են այն գյուղերում, որտեղ ապրել են մինչև 1988 - 89թթ., այդ թվում ՝ Եղեգիսում և Գոմքում։
Այդ առնչությամբ նա քննադատել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՝ դպրոցներ կառուցելու ծրագիրը, քանի որ վերջիններս կառուցվում են արտաքին պարտքի և ՀՀ քաղաքացիների հաշվին, բայց՝ ադրբեջանցիների համար։
Նման ճակատագիր է սպասվում նաև Տավուշի մարզի դպրոցներին։ Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ սահմանամերձ Չինարի գյուղի 91 աշակերտների համար նախատեսված դպրոցը սեպտեմբերի 1-ից կփակվի։ Ընդհանուր առմամբ, Տավուշում փակման ենթակա է 14 դպրոց։
Ավելի վաղ քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը հաղորդել էր, որ կառավարության որոշման համաձայն, 2026 թվականին Հայաստանում կփակվի 231 դպրոց: Կառավարության որոշմամբ, նրա ասելով, փակվում են նաև Հայաստանի մարզերի 41 հիվանդանոցներ, իսկ դրանց տեղում բացվում են 10 խոշոր բժշկական կենտրոններ:
Միաժամանակ, ինչպես ներկայացրել է քաղաքագետը, ադրբեջանական ագրեսիայի և Արցախի բռնազավթման հետևանքով հայկական կողմն արդեն կորցրել է 219 դպրոց, 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա:
Այսպիսով, նրա հավաստմամբ, Հայաստանում և Արցախում, ընդհանուր առմամբ, 525 կրթական և բժշկական հաստատություններ կփակվեն կամ արդեն կորսվել են: Որպես իր խոսքերի ապացույց՝ փորձագետը ներկայացրել է կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը. https://www.arlis.am/hy/acts/217599/print/act, ինչպես նաև զեկույցներ և ցուցակներ, որոնք հաստատում են իր վերն ասածը:
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին սկսեցին լուրեր տարածվել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) մտադիր է փակել 231 դպրոց Հայաստանում ։ Սակայն ԿԳՄՍՆ-ից ավելի ուշ հերքեցին այդ տեղեկությունը, հայտարարելով, որ "2026 թվականի սեպտեմբերից ՀՀ-ում 231 դպրոցների, իբր, ծրագրվող փակման մասին տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվությունը և դրա շուրջ կազմակերպված քննարկումները չեն համապատասխանում իրականությանը և ապատեղեկատվություն են":
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ