
Արմինֆո. Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:
«Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը», - ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, մայիսի 20-ին Լոռու մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի "Մուլտի Գրուպ" կոնցեռնին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը ("Արարատցեմենտ" ՓԲԸ) պետականացվելու է: Կառավարությունն արդեն համապատասխան գրություն է ստացել գլխավոր դատախազությունից, որը խախտումներ է հայտնաբերել ձեռնարկության սեփականաշնորհման գործընթացում: Վարչապետը գործարանը բնութագրեց որպես "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդի "բիզնես ողնաշար" եւ հայտարարեց, որ ազգայնացումից հետո ձեռնարկությունը կանցնի Հայաստանի Հանրապետության սեփականությանը, իսկ նրա աշխատակիցները "կազատվեն" Ծառուկյանի հրահանգներից:
Մինչդեռ, Ծառուկյանն՝ ինքը, հայտարարել է, որ բոլոր իրավական գործիքներն օգտագործում է սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի վերաբերյալ ։