
Արմինֆո.Euronews-ի հարցման նպատակը ոչ թե հայ հասարակությանն իրազեկելն է, այլ պատրանք ստեղծելը, թե ամեն ինչ արդեն կանխորոշված է՝ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրողների ցածր մասնակցություն ապահովելու համար: Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը, անդրադառնալով Euronews-ի նյութին, որում ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է խորհրդարանական մեծամասնություն ստանալ:
Միջազգային իրավաբանի կարծիքով, Euronews-ի նյութում ներկայացված հարցման արդյունքները կտրված են իրականությունից և ոչ այլ ինչ են, քան հայ ընտրողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ: "Դրանք հրապարակվում են հայ ժողովրդին համոզելու համար, որ ընտրությունների գնալու ոչ մի իմաստ չկա։ Նման հակաժողովրդավարական գործելաոճ, պարզապես, անհնար էր պատկերացնել", - հայտարարել է Ամստերդամը։
Այդ առնչությամբ նա Հայաստանում գտնվող լրագրողներին կոչ է արել հայ ժողովրդի հետ հանդիպելիս խուսափել այն թեզից, թե, իբր, այսօր խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր սպառնալիքը ռուսական կողմի տարածած ապատեղեկատվությունն է: "Իրականում՝ այդ ընտրություններն այլ բանի մասին են։ Դրանք Փաշինյանի մասին են, ով որևէ կերպ չի համապատասխանում իր պաշտոնին։ Եվ, բացի ոչ կոմպետենտ լինելուց, նա քննադատության է ենթարկվում իր իսկ ընտրողների կողմից, և, դրան ի պատասխան, բռնություն է կիրառում։ Դրանք նաև մի մարդու մասին են, ով երկու պատերազմ է տանուլ տվել և մատը մատին չի խփել, որպեսզի ամենադաժան բանտերից ազատի այն քրիստոնյաներին, որոնք այդ պատերազմների ժամանակ եղել են Հայաստանի կողքին: Դրանք նաև Հայ Առաքելական Եկեղեցու մասին են, որի դեմ պայքարում է Փաշինյանը և որի հոգևոր առաջնորդից փորձում է ազատվել։ Մի մարդու մասին, ով, նույնիսկ, այդ կետը մտցրել է իր նախընտրական ծրագրի դրույթներից մեկում", - ուշադրություն է հրավիրել միջազգային իրավաբանը։
Այսինքն, ինչպես արձանագրել է Ամստերդամը, այս ամենը Ռուսաստանի կամ Եվրամիության մասին չէ, նույնիսկ, այն դեպքում, երբ նրանք ներգրավված են ապատեղեկատվության, սպառնալիքների կամ ճնշումների տարածման մեջ: "Այս ամենը հայ ժողովրդի, Հայրենիքի և այդ Հայրենիքը սփյուռքից բաժանելու Փաշինյանի փորձերի մասին է։ Ժամանակն է, որ արևմտյան ԶԼՄ - ները ձերբազատվեն սեփական ռուսատյացությունից և փորձեն Հայաստանին վերաբերվել որպես ինքնիշխան պետության, քրիստոնեության բնօրրանի և տարածաշրջանային կարևոր կենտրոնի", - ամփոփել է Ամստերդամը։
Հիշեցնենք, որ EuroNews-ը մայիսի 31-ին հոդված է տարածել, որում պնդում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը կարող է ստանալ խորհրդարանական զգալի մեծամասնություն։ Հայտարարվում է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք վճռական ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին հարցումը ցույց է տալիս, որ Փաշինյանի կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների գրեթե 65% - ը, ինչը նրան խոստանում է համոզիչ հաղթանակ և էական մեծամասնություն ապագա խորհրդարանում: Ավելին, հղում անելով Breavis - ին, պնդվում է, որ Փաշինյանի կուսակցությունն իրեն հարմարավետ տարբերություն կապահովի "ցրված ընդդիմությունից", որի մի մասին բացահայտ աջակցում է Ռուսաստանը, ընդ որում, այդ կուսակցություններից ոչ մեկը չի հավաքում 12 տոկոսից ավելի։ Հավելվում է, որ եթե հաջորդ կիրակի քվեարկությունը հաստատի այդ կանխատեսումները, հայերը Փաշինյանին վճռական մանդատ կտան ամրագրելու Հարավային Կովկասի երկրի ռազմավարական շրջադարձը դեպի եվրոպամետ և արևմտամետ գիծ: Ուշագրավ է, որ անկախ հարցումները Փաշինյանին տալիս են հարցվածների ոչ ավելի, քան 30% աջակցությունը։ Ավելին, խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժերը, ըստ այդ հարցումների, ստանում են բավարար ձայներ՝ ընդդիմադիր խորհրդարան ձևավորելու համար: Իսկ եվրոպական պարբերականի տվյալ նյութը ոչ միայն պատվիրված է, այլև միտված է մոլորեցնելու քաղաքացիներին։ Հավելենք, որ, նույնիսկ, IRI-ի հարցման մեջ ասվում է, որ Փաշինյանի կուսակցության օգտին պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 32% - ը, ոչ մի 65% - ի մասին խոսք չի եղել այդ հարցման մեջ։