
Արմինֆո.Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։ Այդ մասին ասվում է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունից (International Observatory for Democracy in Armenia | IODA) ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ընտրողների՝ հատկապես պետական համակարգում աշխատողների շրջանում առկա է վախ՝ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու համար հնարավոր ճնշամիջոցներից։
IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելությունը, որն իրականացվել է 2026 թվականի մայիսի 22-27-ը, միջազգային փորձագետների պատվիրակության կողմից, որի անդամներն էին՝ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Դայանա Քիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։ Երևանում անցկացված հանդիպումներից բացի, որտեղ պատվիրակությունը հանդիպել է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, խումբն այցելել է նաև Հրազդան, Սևան, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ և Գյումրի՝ հանդիպումներ ունենալով քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչների, իրավաբանների, ընտրական դիտորդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ IODA-ն փորձել է հանդիպումներ նախաձեռնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն առաջարկին պատասխան չի հաջորդել։ Հանդիպման առաջարկներ են ուղարկվել նաև Սահմանադրական դատարանին, Քննչական կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն նշված կառույցների հետ հանդիպումներ կազմակերպել չի հաջողվել։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում երկրում ձևավորված մտահոգիչ իրավիճակի համար՝ այդ թվում, ոչ միայն քննադատների նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումների, այլև թշնամական ընտրական մթնոլորտի համար, որն ուղեկցվում է սեփական կարծիքն արտահայտող քաղաքացիների հասցեին նրա հրապարակային վիրավորանքներով և հարձակումներով», - ասել է IODA-ի խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։
Նրա ասելով՝ կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ և անվտանգ զգա վարչապետին քննադատելու և կառավարության քաղաքականությունը վիճարկելու հարցում՝ անկախ նրանից, թե որքան անընդունելի կամ վիրավորական կարող են իշխանությունները համարել այդ քննադատությունները։
IODA-ն փորձագետների ոչ պաշտոնական, անկուսակցական խումբ է, որը ստեղծվել է՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների և հետընտրական ժամանակահատվածի համատեքստում՝ երկրում ժողովրդավարական պայմանների դիտարկում և վերլուծություն իրականացնելու նպատակով։ Նախաձեռնությունը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտարկում և չի աջակցում որևէ քաղաքական ուժի կամ ինստիտուտի։ Փոխարենը՝ այն ապահովում է ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական տարածքի անկախ վերլուծություն՝ հիմնվելով ստույգ տեղեկատվության, նշված համատեքստում փորձագիտական գիտելիքի և տեղական դերակատարների հետ անմիջական փոխգործակցության վրա։