


Արմինֆո. Գործող իշխանությունների ներկայացուցիչները, երբ ընդդիմադիր գործիչներին մեղադրում են ստի մեջ, նախ, պետք է նայեն հայելու մեջ: Այդ մասին հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության (ԲՀԿ) մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հերթական հարձակումներին՝ ընդդիմության հասցեին.
«Արայիկ Հարությունյանը, հերթական անգամ իրեն մտքի գիգանտ երևակայելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ նրանց մեղադրելով ստախոսության մեջ։
Հատկանշական է, որ ընդդիմությանը ստախոսության մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի կառավարման վերջին ութ տարիները դարձել են ստի, կեղծիքի և չկատարված խոստումների խորհրդանիշ։
Այս ամենն ասում է մի մարդ, որի քաղաքական ուժի՝ 2021 թվականին ներկայացված նախընտրական ծրագիրը ծայրից ծայր սուտ է եղել, իսկ տրված խոստումներն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Գինը վճարել է ժողովուրդը։
Այն իշխանության, որը հիմա էլ հասարակությանը մոլորեցնում է Հայաստանի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ պատրանքներով՝ անտեսելով այն իրողությունը, որ նման կործանարար քաղաքականության հետևանքով շուտով տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են սնանկանալ, իսկ երկրի առջև առաջանալ լուրջ անվտանգային ռիսկեր։
Ինչ վերաբերում է խոսքի հանդեպ պատասխանատվությանը, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում բնորոշումը տվել է ժողովուրդը՝ մեր խոսքը գործ է։ Հետևաբար, կարծում եմ՝ ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ», - գրել է ԲՀԿ մամուլի քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։



