
Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, "Համահայկական ճակատ" կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հրապարակել է նամակագրության սքրինշոթերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել 2020 թվականին սպասվող պատերազմի մասին:
Ինչպես Facebook-ի էջում պարզաբանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հաշվի առնելով, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մնացել է մի քանի օր, պետք է սկսել փաստերով խոսել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ճիշտ ընտրություն կատարեն: "Իսկ փաստն այն է, որ նա (Փաշինյանը - խմբ.) տեղեկացված է եղել մոտալուտ պատերազմի մասին (2020 թվականի 44-օրյա պատերազմ - խմբ.)։ Փաստ է, որ նա պաշտոնապես երբեք օգնություն չի խնդրել։ Եվ փաստն այն է, որ այսօր արդեն նրա անվտանգությունն ապահովվում է ամերիկացիների աջակցությամբ", - գրել է Կարապետյանը։
Վերն ասվածի առնչությամբ նա Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին իրենց ընտրությունը կատարել փաստերի, այլ ոչ թե խոստումների հիման վրա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն Թուրքիայի հետ համատեղ ռազմական ագրեսիա է իրականացրել Արցախի դեմ։ 44 օր տևած արյունալի մարտական գործողությունների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է հայտարարություն՝ մարտական գործողությունները դադարեցնելու և Արցախ ռուս խաղաղապահներ մտցնելու մասին ։ Ագրեսիայի հետևանքով կորսվել են Շուշին և Արցախի մի շարք շրջաններ։ Զոհվել են մի քանի հազար զինվորներ, ավելի քան 10 հազար հայորդիներ դարձել են հաշմանդամ, հազարավոր արցախցիներ զրկվել են իրենց օթեւանից։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 7 շրջան, այդ թվում՝ Շուշին, բայց դա չէր համապատասխանում այն քաղաքականությանը, որը ցանկանում էին իրականացնել Արցախի և Հայաստանի իշխանությունները։ Նա ընդգծել է, որ Շուշիի հանձնման հարցն Ադրբեջանի կողմից առաջ է քաշվել բանակցությունների հենց սկզբից, դեռ մինչև ռազմական գործողություններն սկսվելը, բայց քանի որ անգամ տեսական հնարավորություն կար այն պաշտպանելու, Արցախի Պաշտպանության բանակը մինչև վերջ գնացել է մարտական գործողությունների: ՀՀ ԱԳՆ արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում նշել է, որ խաղաղ բանակցային գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:
Հավելենք, որ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Նույն թվականի նոյեմբերի 15-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։