
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է կասկածով վերաբերվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի թշնամական մտադրություններին և կրկին ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն դեմ է տարածաշրջանում Վաշինգտոնի ապակայունացնող ներկայությանը: Այդ մասին ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղեին:
Խոսելով Կովկասում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ ԱՄՆ-ի աջակցությամբ վերջերս ներկայացված տարանցման նախաձեռնության մասին, որը հայտնի է որպես TRIPP ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման") նախագիծ, Բաղեին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության հարցերի վերաբերյալ մնում է հստակ, հետեւողական եւ ոչ երկիմաստ:
"Իրանի իսլամական Հանրապետությունը ողջունում է տնտեսական փոխգործակցության ընդլայնումը եւ տարանցիկ ուղիների ապաշրջափակումը. Սակայն, Թեհրանը մեծ կասկածանքով է վերաբերվում Միացյալ Նահանգների չարամիտ մտադրություններին, որոնց հետեւում ձգվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում դաժանության ու ագրեսիայի հետագիծը: Մենք բացահայտ հայտարարում ենք նման ապակայունացնող ներկայություն անընդունելիության մասին", - հայտարարել է Բաղեին։
Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասը Իրանի անմիջական հարևանն է, և նշել, որ Թեհրանն այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական առաջընթացը համարում է ուղղակիորեն կապված իր ազգային շահերի հետ:
Բաղեին հավելել է, որ անդրտարածաշրջանային տերությունների ապակառուցողական միջամտությունը Կովկասի գործերին լուրջ մարտահրավեր է ներկայացնում տարածաշրջանի հավաքական շահերին, խաղաղությանն ու կայունությանը եւ "բացարձակապես ոչ մի օգուտ" չի բերում տեղի բնակչությանը:
Հայաստանն ու ԱՄՆ-ը՝ մայիսի 26-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երեւան կատարած այցի շրջանակներում ստորագրել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված երեք փաստաթուղթ․ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր, նաեւ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր։