


Արմինֆո.Մենք փրկել ենք Մեղրին՝ Ադրբեջանին հանձնելուց: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ:
Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ու իր հանցախումբը ծրագրում էին դիմել այդ քայլին, բայց Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրենց կյանքի գնով հետաձգեցին Մեղրու շրջանի հանձնումը: 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունները տեղի են ունեցել հենց այդ համատեքստում։ Այդ հարցի վերաբերյալ, ինչպես շարունակել է վարչապետը, կան վկայություններ, ընթանում են իրավական գործընթացներ։
Փաշինյանն ընդդիմադիր ուժերին մեղադրել է նաև միջանցքի թեման շրջանառելու մեջ, սակայն, արդյունքում, ստացվել է TRIPP նախագիծը, որն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավասության և ինքնիշխանության շրջանակներում: "Մեզ ասում էին, թե մենք, իբր, բանակը քանդում ենք, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ են թողել իրենց հետևից, երբ երկրի զինված ուժերը փլուզված վիճակում էին։ 2018 թվականի մայիսի 8-ին, երբ ես դարձա վարչապետ, չհասցրի, նույնիսկ, ծանոթանալ փաստաթղթերին, իսկ իմ հասցեին արդեն այն ժամանակ հող հանձնելու մեղադրանքներ էին հնչում։ Ինչու էին այդպես ասում, որովհետև ամեն ինչ արդեն տվել էին", - նշել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ 2016 թվականի քառօրյա պատերազմը չէր ավարտվել որևէ փաստաթղթի ստորագրմամբ, և, որպես հետևանք, այն շարունակվել է 2020 թվականին ։



