
Արմինֆո.Այն իշխանությունը, որը կձևավորվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, կստեղծի անվտանգության լուրջ համակարգ, որի շնորհիվ բոլոր ձեռք բերված սպառազինությունները կներդաշնակեցվեն։ Այս մասին մայիսի 28-ին «Սարդարապատ» հուշահամալիրում՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
Խոսելով մայիսի 28-ին կազմակերպված զինվորական շքերթի մասին՝ նա համոզմունք է հայտնել, որ այն անցկացվել է մեկ նպատակով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ ցույց տալու համար, թե Հայաստանի գործող իշխանությունը կարողացել է գոնե ինչ-որ զինտեխնիկա ձեռք բերել։ «Բայց ես վստահ եմ, որ Հայաստանի հաջորդ իշխանությունն այդ սպառազինությունը ստանալու է որպես նվեր, գնելու է շահավետ գներով, և Հայաստանն ունենալու է անվտանգության լուրջ համակարգ, որի շնորհիվ բոլոր ձեռք բերված սպառազինությունները կունենան փոխադարձ համատեղելիություն։ Այսօր դա այդպես չէ, ինչը կարող է մեծ խնդիրների հանգեցնել»,- ընդգծել է Կարապետյանը։
Բացի այդ, նա նշել է, որ երկրի իշխանությունները սխալ են կառուցում իրենց հարաբերությունները դաշնակիցների հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով միայն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Նրա խոսքով՝ դա երկրին թույլ չի տա ապահովել ուժերի հավասարակշռությունը։ Կուսակցության վարչության անդամն աննախադեպ է անվանել այն դեպքը, երբ Հայաստանի անվտանգության երաշխավոր է հանդիսանում մի երկիր, որն իրենից սպառնալիք է ներկայացնում։ «Աշխարհում սա աննախադեպ դեպք է։ Ինչպե՞ս եք կարծում, մի՞թե այդ երկիրը չունի նկրտումներ Հայաստանը կլանելու համար։ Մենք պետք է պահպանենք հայկական ինքնությունը. սա է մեր հիմնական խնդիրն այս պահին։ Մենք պետք է զարգացնենք Հայաստանը, երկրում ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ Հայաստանի բնակչությունը կաճի, և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները կկարողանան վերադառնալ Հայրենիք»,- վստահեցրել է Կարապետյանը։
Այս կապակցությամբ նա հայ ժողովրդին կոչ է արել ճիշտ ընտրություն կատարել խորհրդարանական ընտրություններում։ «Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի հանուն Հայաստանի արարման։ Մենք պետք է Հայաստանում ստեղծենք այնպիսի մոդել, որի շրջանակներում մեր երկիրը կկարողանա աշխատատեղեր ստեղծել տարածաշրջանում։ Ներկայիս մոդելը տանում է միայն նրան, որ մենք վատթարացնում ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ՝ Թուրքիայից և Ադրբեջանից երկու շնորհավորանքի դիմաց։ Բայց, կրկնում եմ, մեր վաղեմի հակառակորդները չեն կարող լինել մեր բարեկամները։ Մենք ձգտելու ենք նրանց հետ հարաբերությունների հաստատմանը, բայց, չմոռանալով գոյություն ունեցող սպառնալիքի մասին, նաև դաշնակցային հարաբերություններ ենք կառուցելու այլ երկրների հետ «սև օրվա» համար։ Հենց դրա հաշվին է Հայաստանը դիմակայել վերջին 100 տարիների ընթացքում»,- եզրափակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության օրը։ Այս օրը Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել շքերթ, որտեղ երկրի իշխանությունները ցուցադրել են նոր ձեռք բերված սպառազինությունը։ Նշենք, որ Հայաստանում վերջին մասշտաբային զինվորական շքերթը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։