


Արմինֆո. Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի թեմական խորհրդի նախագահ, "Ժառանգություն և առաջընթաց" հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արամայիս Կամալովը կոչ է արել Հայաստանի ճակատագրի հանդեպ ոչ անտարբեր հայերին մասնակցել հունիսի խորհրդարանական ընտրություններին:
Իր հայտարարության մեջ Կամալովն արձանագրել է, որ բազմադարյա պատմության ընթացքում հայերն ապրել, աշխատել, են իրենց երեխաներին դաստիարակել են Ռուսաստանում, հավատով ու ճշմարտությամբ ծառայել նրան՝ հարգանքի տուրք մատուցելով եղբայրական հարաբերություններին:
"Այսօր ժամանակն է, որ մենք բոլորս մտածենք նաև մեր հայրենիքի՝ Հայաստանի ճակատագրի մասին։ Ազգային ժողովի ընտրություններում, ըստ էության, լուծվում է Հայաստանի ապագայի՝ մեր հինավուրց պատմության, պետականության, հավատի և ազգային ինքնության պահպանման հարցը: Այսօր յուրաքանչյուրի ամուր դիրքորոշումից է կախված մեր Հայրենիքի ապագան, մեր զավակների ու թոռների ապագան, մեր պատիվն ու ազգային արժանապատվությունը:
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ, կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ակտիվորեն մասնակցել Հայաստանում կայանալիք ճակատագրական ընտրություններին: Իրենց ձայնը տալ ըստ խղճի, այլ ոչ թե ելնելով այսրոպեական տնտեսական շահերից, հանուն Հայաստանի ապագայի և հայ-ռուսական հարաբերությունների ապագայի: Մի կարծեք, որ ձեր ձայնից ոչինչ կախված չէ, հենց ձեզանից յուրաքանչյուրի ձայնն է որոշիչ լինելու մեր Հայաստանի զարգացման հետագա ուղու ընտրության հարցում", - հայտարարել է Կամալովը։
Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին: Դրանց մասնակցում է 19 քաղաքական ուժ, այդ թվում ՝ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ։



