


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներն այնքան խորը և ծավալուն չեն, որքան ներկայացվում են կամ նպատակաուղղված կերպով շահարկվում առանձին անձանց կամ շրջանակների կողմից։
«Այս խնդիրը միշտ էլ եղել է՝ տասնյակ տարիներ առաջ, մեկ տարի առաջ, այսօր, և ինչ-որ չափով կարող է լինել վաղը։ Մատակարարումների նման ծավալների դեպքում նման խնդիրներ միշտ էլ կարող են առաջանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարարը՝ անդրադառնալով որոշակի հայկական արտադրանքի նկատմամբ ՌԴ կողմից սահմանված սահմանափակումներին։
Նա նորմալ է որակել այն, երբ խնդիրներ ունեցող արտադրանքը չի թույլատրվում ռուսական շուկա, և հավելել է, որ ցանկացած երկիր այդպես կվարվի, եթե արտադրանքի մեջ անհամապատասխանություններ հայտնաբերվեն, այդ թվում՝ Հայաստանը։
Խնդրանքին՝ մեկնաբանել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքերն այն մասին, թե Հայաստանը գիտակցաբար գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, Միրզոյանը հավաստիացրել է, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Այդ պնդումները սխալ են։ Հայաստանը շահագրգռված չէ ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապերի խզմամբ»,- ասել է նա՝ նշելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում շահագրգռվածության մասին։
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն տանում է հանրապետությունը դեպի Եվրոպական միություն՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցությունից բխող բոլոր օգուտները։



