
Արմինֆո.Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ներմուծման համար Ախալքալաք-Կարս երկաթգծի բացումը նոր քայլ է առևտրի ոլորտում՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շրջանակներում։
Այս մասին հայտարարել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին առևտրի համար Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հրապարակմանը։
Դեսպանը նշել է, որ սա նոր քայլ է ուղղակի առևտրի ոլորտում Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի շրջանակներում։ «Մաղթում եմ, որ այս նոր քայլը, որը նաև կնպաստի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցության զարգացմանը և կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության ու կայունության գործում, բարօրություն բերի բոլոր երկրներին»,- իր Թվիթերում (X) գրել է Քըլըչը։
Մայիսի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր սոցիալական էջերում հայտնել էր Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ներմուծման համար Ախալքալաք-Կարս երկաթգծի բացման մասին։ «Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչպես և Ադրբեջանի երկաթուղին, արդեն բաց է Հայաստանից արտահանման և դեպի Հայաստան ներմուծման համար»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ սա մեծ իրադարձություն է երկրի տնտեսական կյանքում։ «Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։ Այսօր Հայաստանն ունի երկաթուղային կապ Ռուսաստանի հետ՝ Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչպես նաև Չինաստանի հետ՝ Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով։ Այժմ նաև Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ երկաթուղային կապ Եվրոպական միության հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ ապագայում ակնկալվում է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, իսկ այնուհետև Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթգծերի բացումը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտնել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերում գործելու է Ադրբեջանի հետ համակարգված։ Կողմերը նշանակել են կարգավորման գործընթացով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ՝ Սերդար Քըլըչին և Ռուբեն Ռուբինյանին, ովքեր արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել, սակայն որևէ բեկումնային որոշման դեռևս չի հաջողվել հասնել, բացի օդային բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների մեկնարկից։