
Արմինֆո. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 60-րդ լիագումար նիստում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղության, սահմանների կայունության և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին։
Ինչպես հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը, իր ելույթում Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին՝ նշելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ընդունված և ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրը նոր փուլ է բացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացում։ Նրա խոսքով՝ հռչակագիրը վերահաստատել է կողմերի հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև ուժի կիրառման և միմյանց հանդեպ թշնամանքի բացառումը:
«Այսօր արդեն տեսանելի են խաղաղության գործընթացի գործնական արդյունքները. սահմանին այլևս մարդիկ չեն զոհվում, ինչը կարևոր հիմք է տարածաշրջանում կայունության, կանխատեսելիության և փոխադարձ վստահության ամրապնդման համար», — նշել է Արշակյանը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալն ընդգծել է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ նշելով, որ Վաշինգտոնյան հռչակագիրը նաև մեկնարկ է տվել տրանսպորտային հաղորդակցությունների TRIPP նախագծին, որը կիրականացվի Հայաստանում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների լիակատար պահպանմամբ:
Արշակյանի խոսքով՝ հաղորդակցությունների լիակատար բացումը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առաջմղումը նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանային առևտրի ընդլայնման, տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև լոգիստիկ, արդյունաբերական և զբոսաշրջային ոլորտների զարգացման համար:
«Այս նախաձեռնությունները կոչված են ապահովելու փոխադարձ տնտեսական օգուտ տարածաշրջանի բոլոր երկրների համար և ստեղծելու համագործակցության նոր միջավայր՝ հիմնված խաղաղության և փոխադարձ հարգանքի վրա», — ընդգծել է նա:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին, նախաձեռնություններին աջակցելու համար և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու առաջ մղել խաղաղության և տարածաշրջանային համագործակցության օրակարգը: