
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում իշխանության գալուց հետո պատրաստ է հանրապետության առաջին երեք նախագահների հետ խորհրդակցել միայն երկրի անվտանգության, բայց ոչ տնտեսության հարցերի շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է մայիսի 22-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
"Ես պատրաստ եմ նրանց հետ խորհրդակցել Հայաստանի անվտանգության հարցերով, բայց տնտեսության հարցերով՝ ոչ", - հայտարարել է Կարապետյանը:
Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին՝ դաշինքի առաջնորդը նշել է, որ տեսնում է ընդամենը չորս իրական քաղաքական բևեռ, որոնք իրենց հաշվարկներով կարող են հաղթահարել ընտրական շեմը: Մյուս ուժերը, Կարապետյանի կարծիքով, միասին կհավաքեն ձայների մոտ 4-5 տոկոսը։ "Սա հենց այն պատկերն է, որը մենք տեսնում ենք այսօր ։ Եվ, իհարկե, ցավալի է գիտակցել, որ իրենք փոշիացնելու են այդ 4-5 տոկոսը։ Բայց, ինչ անել։ Մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք մեզ չեն վնասի։ Տարբեր քննարկումներից հետո մենք որոշել ենք ոչ թե դաշինք ստեղծել այդ ուժերի հետ, այլ, պարզապես, հնարավորություն տալ նրանց աջակցել մեզ, եթե նրանք նման ցանկություն ունեն։ Դա կլինի միակ ճիշտ քայլը։ Ես կարծում եմ, որ այդպիսիք կլինեն", - հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդը։
Կարապետյանը նաև պատմել է, թե ինչպես է մտադիր համոզել հայ ժողովրդին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու իր մոտիվացիան ավելի մեծ է, քան այն պահպանելու Փաշինյանի մոտիվացիան: "Ամենօրյա աշխատանքի միջոցով ներկայացնելով մեր ծրագրերը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի․ այդ ծրագրերը բխում են իր շահերից, թե՝ ոչ։ Խոսելով մեր ծրագրերի մասին՝ մենք, ըստ էության, Հայաստանի քաղաքացիներին ցույց ենք տալիս մեր մոտիվացիան, մեր ցանկությունները, մեր հնարավորությունները։
Թող դրանք համեմատեն փողոցային բղավոցների հետ։ Մենք չենք կարծում, որ դրանք նրանց ձեռք են տալիս: Այս ժողովրդին, պարզապես, վախի մթնոլորտում են պահել։ Ընտրությունների օրը շատ անակնկալներ ենք տեսնելու", - նշել է "Ուժեղ Հայաստան " դաշինքի առաջնորդը, չմանրամասնելով, թե ինչ անակնկալների մասին է խոսքը։
Կարապետյանը նաև հայտարարել է, որ ինքը պատրաստ չէ ընդդիմության առաջնորդի կարգավիճակին։ "Բայց մենք կվերցնենք իշխանությունը։ Դրա համար էլ մենք չենք ասում "եթե" (վերցնենք - խմբ.), մենք ասում ենք "երբ"։ Եվ այդ "երբը" կլինի հունիսի 7-ին (խորհրդարանական ընտրությունները Հայաստանում - խմբ.)", - եզրափակել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին "Ապրելու երկիր" կուսակցությունը և "Ուժեղ Հայաստան" դաշինքը հուշագիր են ստորագրել 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու մասին: Իսկ 2026 թվականի մարտի 31-ին Նարեկ Կարապետյանը դաշինք ստեղծելու մասին հուշագիր է ստորագրել "Նոր դարաշրջան" կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և "Միավորված հայեր" կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ: