
Արմինֆո.Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երկրի իրավապահ մարմիններին մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցուցումները կատարելու և իշխանության ընդդիմախոսներին հետապնդելու համար: Պատգամավորը, անդրադառնալով "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելուն, հարց է ուղղել, թե ինչպես կարելի է այսքան ատել պետությունը, պետական համակարգը, պետական, անվտանգային կառույցների հեղինակությունը, վարկը, սպայի ուսադիրի պատիվը, որ ցնորական քաղաքական պատվեր տաս ԱԱԾ-ին ու շարադրություն ստանաս։
«Լավ, այսքան ծառայամիտ լինես, թքես ուսադիրիդ (անգամ անարժանբստացած ու շատ թարմ), գերատեսչությանդ, ենթակա սպաներիդ հեղինակության վրա ու շեֆ Նիկոլիդ ցուցումը դարձնես հանձնարարական կամ հրաման։ Ավելին, որքան անպատիվ լինես, որ ուսադիրիդ, սպայիդ կոչման հեղինակությունը ոտնատակ տաս ու էշություն գրես, իբրեւ օպերատիվ տեղեկություն ու դա դարձնես զեկուցագիր... Սատանաներ որսացող հնազանդ ԱԱԾ-ից մտքի ավելի մեծ թռիչք սպասելի չէր։ Էն տակի քննչականին չեմ էլ անդրադառնում, նրանք վաղուց հատակում են։ Սա գրում եմ, իբրեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ», - գրել է ընդդիմադիրը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Քննչական կոմիտեից հայտնել են, որ ԱԱԾ - ից հաղորդում են ստացել, թե, իբր, Թևանյանը "հավաքագրվել է 2024 թվականին օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ, ով եղել է "Ռուսաստան-Կովկաս" աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, իրականացրել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինաբար 622 հազար դոլարով վերջինիս է փոխանցել 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում տեղի ունեցած լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն":
Ինքը ՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռևս 2023 թվականին, ուստի Քննչական կոմիտեի նման պնդումներն անհիմն են։ Ուշագրավ է, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քրեական գործի հարուցումից մեկ օր առաջ ՝ մայիսի 20-ին, Վանաձորում նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թևանյանը հայրենիքի դավաճան է։ Նա հավելել էր, որ մայիսի 21-ին "Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործը կուղարկի քննչական կոմիտե, ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի "հայրենիքի դավաճանություն" հոդվածով: Այնուհետև Հայաստանի վարչապետը կրկին խոստացել էր "վերջնականապես և ամբողջությամբ արմատախիլ անել "լրտեսական ցանցը" Հայաստանում" ։