


Արմինֆո.Հայաստանում ժողովրդավարության հարցերով միջազգային դիտարանը (IODA) 2026 թվականի մայիսի 22-ից 26-ը հանրապետությունում կանցկացնի իր երկրորդ ճանաչողական առաքելությունը՝ Գործադիր և Խորհրդատվական խորհուրդների անդամների մասնակցությամբ։
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ին ստացված IODA-ի հաղորդագրությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են՝ DAWN-ի գործադիր տնօրեն, Human Rights Watch-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով նախկին տնօրեն (2004-2020թթ․), մարդու իրավունքների և արտաքին քաղաքականության հայտնի փորձագետ ու մեկնաբան Սառա Լի Ուիթսոնը, Կանադայի խորհրդարանի նախկին անդամ (2015-2025թթ․), կանադա-հայկական հարաբերությունների ակտիվ ջատագով Բրայան Մեյը, իրավաբան և իրավապաշտպան մասնագետ, Oxfam America-ի իրավական և բաժնետերերի շահերի պաշտպանության բաժնի ղեկավար, Amnesty America-ի տնօրենների խորհրդի անդամ Դիանա Քերնին, իրավախորհրդատու, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դասախոս և հետազոտող, Ֆրանսիայի Ապաստանի հարցերով ազգային դատարանի (CNDA) դատավորի օգնական, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար և մարդու իրավունքների երկարամյա փորձագետ Ֆիլիպ Կալֆայանը, ով հանդիսանում է նաև IODA-ի Գործադիր խորհրդի համակարգողը։
IODA-ն անկախ, հատուկ ստեղծված վերլուծական մարմին է, որը դիտարկում, փաստագրում և գնահատում է Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը և քաղաքացիական տարածքին առնչվող քաղաքական ու ինստիտուցիոնալ զարգացումները։ Նախաձեռնությունը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտորդություն և չի սատարում քաղաքական գործիչներին, իսկ նրա մանդատը տարբերվում է հավատարմագրված տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների մանդատից։ Առաջնորդվելով անկախության, անկողմնակալության, փաստերի վրա հիմնված վերլուծության և թափանցիկության սկզբունքներով՝ IODA-ն տրամադրում է օբյեկտիվ, ստուգված գնահատականներ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ ուղղակի փոխգործակցության և կառուցողական երկխոսության միջոցով։



