


Արմինֆո. Մայիսի 16-ին թանգարանային համայնքը տոնել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրի ներքո:
ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է ՀՀ-ում գործող 116 թանգարան՝ պետական, համայնքային և մասնավոր․ թանգարաններն այդ օրը բաց են եղել ժամը 11:00-ից մինչև 24:00-ը և այցելուներին ընդունել են անվճար։
«Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում թանգարաններն ընդունել են ավելի քան 138.954 այցելու՝ առաջարկելով յուրահատուկ և բազմաբովանդակ մշակութային ծրագրեր։ Այցելուները հնարավորություն են ունեցել բացահայտելու թանգարանային հավաքածուները նոր ձևաչափով, մասնակցելու ինտերակտիվ միջոցառումների և վայելելու մշակութային հարուստ միջավայրը։ Միջոցառումների նպատակն էր խթանել հանրային հետաքրքրությունը մշակութային ժառանգության նկատմամբ, ամրապնդել թանգարանների և հանրության միջև կապը՝ ընդգծելով մշակույթի կարևորությունը համերաշխ և միասնական հասարակության կառուցման գործում



