


Արմինֆո.Հայաստանը մայիսի 18-ին կնշի Թանգարանների միջազգային օրը, իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա մայիսի 16-ին: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 16-ին Հայաստանի բազմաթիվ թանգարաններ անվճար բաց կլինեն այցելուների համար մինչև ուշ գիշեր (ժամը 11:00-ից մինչև 24:00-ն) և կներկայացնեն հատուկ մշակութային ծրագիր: Մասնավորապես, այցելուները հնարավորություն կունենան նոր ձևաչափով ծանոթանալ թանգարանային հավաքածուներին, մասնակցել ինտերակտիվ միջոցառումների և վայելել հագեցած մշակութային մթնոլորտը:
Մայիսի 18-ին թանգարանները կաշխատեն իրենց հիմնական գրաֆիկի համաձայն: ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի կանցկացվի «Թանգարանները միավորում են տարանջատված աշխարհը» կարգախոսի ներքո՝ ընդգծելով թանգարանների առանցքային դերը որպես մշակութային երկխոսության, փոխըմբռնման, ինչպես նաև համամարդկային արժեքների պահպանման և փոխանցման հարթակներ:
«Միանալով միջազգային նախաձեռնությանը՝ Հայաստանի թանգարանները կկազմակերպեն բազմազան միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, վարպետության դասեր, հանրային քննարկումներ և հատուկ էքսկուրսիաներ՝ նախատեսված տարբեր տարիքի և հետաքրքրությունների այցելուների համար», - ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը թանգարանների կարևորագույն դերի մասին: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ICOM-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է 2005 թվականին:



