
Արմինֆո.Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են ռևիզիոնիզմի ենթարկել 1915 թվականի իրադարձությունները (Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում), Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շարունակում է ժխտողականության քաղաքականությունը, ավելին՝ փորձում է հանցավորի պատասխանատվությունը բարդել զոհի վրա։ Ապրիլի 24-ին X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարություն է հրապարակել, որում ասվում է հետևյալը. «Մենք հարգանքով ենք հիշում անպաշտպան և անմեղ թուրքերին, որոնք դաժանաբար սպանվել են հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների ժամանակ»։
Այն օրը, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ դրսևորեցին ոչ միայն զղջման բացակայություն, այլև հակահայկական քաղաքականության շարունակություն։ Նշենք նաև, որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է հարցազրույց փորձագետ Ռոբերտ Թաթոյանի հետ, ով հայտարարել է, որ 1,5 միլիոն զոհերի թվի մեջ ներառված են ոչ միայն երիտթուրքերի կողմից զանգվածային սպանությունների ենթարկված հայերը, այլև նրանք, ովքեր փորձել են փախչել և հետապնդումների են ենթարկվել քեմալական Թուրքիայի կողմից, ինչպես նաև նրանք, ովքեր մահացել են 1918-1919 թվականների սովի և համաճարակների հետևանքով։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սույն թվականի մարտի վերջին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել էր, որ որպես ՀՀ վարչապետ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից, քանի որ կարծում է, որ պետք է գնալ արդար իրականության հետևից։
Նա նկատել էր, որ պատմական անարդարության հետևից գնալու ճանապարհը կհանգեցնի նոր պատմական անարդարությունների։
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Փաշինյանն ընդգծել է հետևյալը.
«Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությամբ՝ հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը նախևառաջ հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության ճանաչման վրա։
Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորուսյալ հայրենիքի վերադարձի, պատմական սահմանների ու արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի վեհաժողովի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջնակետը պետականության և հայրենիքի կորուստն է, որովհետև աշխարհում յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր արդարությունը, իր կորուսյալ հայրենիքը։ Մենք վերջապես դուրս ենք եկել այդ թակարդից, և Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետության ու ժողովրդի համար կախաղան բարձրանալու հրավեր են։
Զոհողությունների ու կորուստների գնով մենք գտել և վերահայտնագործել ենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր բոլոր նահատակների զոհողությունների հատուցումը Հայաստանի Հանրապետության հավերժացումն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը մեր բոլոր նահատակների իղձերի ու չիրականացած երազանքների կատարումն է։ Մենք գնում ենք այդ ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը գնում է այդ ճանապարհով։ Փա՜ռք նահատակներին և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։