


Արմինֆո.Ռուսաստանահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ և հիմնադիր Սամվել Կարապետյանի պաշտպանների թիմը վաղվա դատական նիստում առաջնահերթ կարգով միջնորդելու է քննարկել գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը: Այդ մասին ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է գործարարի փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Նրա խոսքով՝ այսօր իրենք արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել դատարան։ "Յուրաքանչյուր ժամը վճռորոշ նշանակություն ունի առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ապրիլի 21-ին համագումար է հրավիրել, եւ շատ կարեւոր է, որ մինչ այդ համագումարը, որտեղ կքննարկվեն ընտրությունների հետ կապված հարցեր, Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա լիարժեք մասնակցել քաղաքական գործընթացներին, քանի որ կուսակցության նախագահի մասնակցությունը նման իրադարձություններին չափազանց կարեւոր է", - պարզաբանել է Վարդեւանյանը։
Նա հույս է հայտնել, որ իրենց միջնորդությունը կբավարարվի, և իր պաշտպանյալի ակնհայտ խախտված իրավունքը կվերականգնվի:
Հիշեցնենք, որ գործարարը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին ՝ Հայոց եկեղեցու պաշտպանությանն ուղղված հայտարարություններից հետո ։ Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղսագրվում են նաեւ իշխանությունը զավթելու կոչեր։



