
Արմինֆո. Երևանում գույքագրվել է ջրահեռացման լուրջ խնդիրներ ունեցող 50 վայր։ Այդ մասին ապրիլի 13-ին աշխատանքային նիստի ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։
Նա նշել է, որ այդ վայրերից երկուսի համար արդեն ֆինանսավորում է գտնվել, և շուտով ձեռնամուխ կլինեն խնդրի վերացման աշխատանքներին: Դրանցից մեկը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող տարածքն է։
Կարոյանը զեկուցել է նաև Գյուրջյան փողոցում տիրող օրհասական իրավիճակի մասին (Նոր Նորք վարչական շրջան), որտեղ առաջացել է անանցանելի ցեխաջրի լիճ, ինչի պատճառով վարորդները ստիպված են եղել դիմել փրկարար ծառայությանը՝ իրենց մեքենաները տարհանելու համար: Վարչության պետը տեղի ունեցածը բացատրել է նրանով, որ ստորերկրյա զանգվածներն ու լանջերից իջնող քարերը կրկին արգելափակել են անձրեւընդունման ցանցերը, ինչն էլ նման կոլապս Է առաջացրել: Հայաստանի ջրային օպերատորի ՝ Veolia ընկերության հետ բանակցությունների արդյունքում տեղում ուսումնասիրություններ կիրականացվեն և, ամենայն հավանականությամբ, կավելացվի անձրևընդունիչների քանակը:
Հիշեցնենք, որ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, ապրիլի 12-ին, ժամը 23։40-ից սկսած ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Սևանի և Գյուրջյան փողոցներում հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ «Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն անձրևաջրերից դուրս են բերել տրանսպորտային միջոցները», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ընդ որում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում չեն նշել, թե քանի ավտոմեքենա է դուրս բերվել այդ ցեխաջրի լճից։ Սակայն, դատելով սոցիալական ցանցերում քաղաքացիների հրապարակած տեսանյութերից, մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ ջրի մեջ են մնացել միայն Գյուրջյան փողոցում։
Նշենք, նաեւ, որ քաղաքացիներն առնվազն երրորդ տարին է բարձրաձայնում են Գյուրջյան փողոցում ջրի կուտակման խնդիրը։